Ամեն կիրակի կեսօրից հետո, Երևանի Կայարանամերձ հրապարակում բավական դաժան տեսարան է բացվում, տասնյակ ընտանիքներ հավաքվում են այնտեղ՝ Ռուսաստանի Դաշնություն գնալու համար: Այս կիրակի ՌԴ մեկնեցին հերթական ուղևորները՝ հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից ոմանք ասում էին, թե մեկնում են արտագնա աշխատանքի՝ տարվա 9-10 ամիսներն անցկացնելով օտարության մեջ: Իսկ շատերն իրենց ընտանիքով մեկնում էին հիմնական բնակություն հաստատելու:
Այս պատկերը, սակայն, չի անհանգստացնում իշխանություններին, ավելին, Սերժ Սարգսյանը երեկ՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, նույնիսկ փորձել է իր վրայից գցել մեղքը՝ բնակիչներից մեկի դժգոհությանն ի պատասխան ասելով. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային… թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»:








































