Westvleteren 12 թունդ, մուգ գարեջուրը, որը պատրաստում են Բելգիայի Ֆլանդրիա կոմսության Սուրբ Սիքստի վանքի վանականները, www.RateBeer.com պորտալի կողմից կրկին ճանաչվել է աշխարհում լավագույնը:
Գարեջրի գնահատման ոլորտում պորտալը համարվում է անկախ և հեղինակավոր: 2005 թվականին պորտալն արդեն գարեջրային «թագով» պարգևատրել էր Westvleteren 12-ին, ինչից հետո այդ գարեջրի պահանջարկն ակնթարթորեն գերազանցեց առաջարկը: Գարեջրի այդ տեսակը արտադրական սահմանափակ ծավալի պատճառով լայն վաճառքի չի հանվում, այն կարելի է համտեսել աբբայական գարեջրագործարանին կից սրճարանում կամ Ֆլանդրիայի և Բրյուսելի մի քանի գարեջրատներում, որտեղ մեկ շիշն արժե 10 եվրո:
Բելգիական գարեջուրը փորձագետների կողմից բազմիցս ճանաչվել է աշխարհում ամենալավը: Բացառություն չէր նաև 2012 թվականը, երբ միանգամից երկու տեսակներ՝ Gouden Carolus Classic-ը՝ «Մուգ» կատեգորիայում, և Mort Subite Oude Gueuze-ը՝ «Բնական խմորմամբ չֆիլտրված գարեջուր» կատեգորիայում, բարձրագույն միավորի արժանացան World Beer Awards 2012 միջազգային մրցույթում: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ միջազգային ներկայացուցչական ժյուրին՝ կազմված 32 երկրից, գնահատական է տվել 600 տեսակի գարեջրի:
Բելգիացիները հպարտությամբ նշում են, որ իրենց երկրում շուրջ 450 տեսակի գարեջուր է պատրաստվում:










































