Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի քրեական դատարանը հաստատել է ավելի վաղ ընդունված մահապատժի դատավճիռը յոթ քրիստոնյա ղպտիների հանդեպ, որոնք դատապարտվել էին «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծման և տարածման գործում մասնակցություն ունենալու համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է դատարանի ներկայացուցիչը:
Ութերորդ դատապարտյալը՝ ամերկացի քահանա Թերի Ջոնսը, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:
Վերջնական կարգադրությունը ընդունվելու է Եգիպտոսի գլխավոր մուֆթիի համաձայնությունը ստանալուց հետո, որը, տեղի օրենսդրության համաձայն, պետք է հաստատի քաղաքացիական բոլոր դատարանների որոշումները մահապատժի մասին: Բոլոր յոթ դատապարտյալները մահապատժի են դատապարտվել կախաղանի միջոցով:
Կահիրեի քրեական դատարանի որոշումն իրականացվել է հեռակա կարգով. դատապարտված բոլոր ղպտիները, այդ թվում՝ նաև Թերի Ջոնսը, գտնվում են ԱՄՆ-ի տարածքում:
Նրանք մեղադրվում են Մուհամեդ մարգարեի անունն անարգելու, մուսուլմաններին ստորացնելու, Եգիպտոսում միջկրոնական հակամարտություն հրահրելու համար:
2012 թ. ԱՄՆ-ում ստեղծված և համացանցում տեղադրված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը զանգվածային բողոքի ալիք էր բարձրացրել ամբողջ մուսուլմանական աշխարհում: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել էր մեկ մարդ հարյուրավոր մարդիկ, վիրավորվել էին:








































