Ռուսալեզու ԶԼՄ-ներում այսօր հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ Իրանի ընդհատակյա միջուկային գործարաններից մեկում դիվերսիա է իրականացվել։ Մամուլում ասված է, որ Ֆորդուի գործարանում, որտեղ ուրանի հարստացման աշխատանքներ են իրականացվել, մեծ պայթյուն է տեղի ունեցել։ 240 աշխատող մնացել է գետնի տակ, և կորել է կապն արտաքին աշխարհի հետ։ Այս մասին հաղորդել է ամերիկյան WND լրատվական կայքը՝ հղում անելով իրանական հետախուզության նախկին աշխատակցին։
Հաղորդվում է, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ 5 կմ շառավղով ամբողջությամբ փլվել են բոլոր շենքերը։ Իրանական իշխանություններն անմիջապես պայթյունի վայրից 24 կմ շառավղով շրջակայքը հայտարարել են փակ ռազմական գոտի։
Մի քանի ժամ փակ է եղել Թեհրանից շիաների սրբավայր Կում քաղաք տանող արագընթաց մայրուղին։
Գործարանը գտնվում էր գետնի տակ՝ 90 մ խորությամբ, որպեսզի պաշտպանվեր հավանական գրոհներից։ Իսպառ ոչնչացվել են արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհները։
Իրանի իշխանությունները վստահ են, որ դա նպատակադրված դիվերսիա է եղել։
Պաշտոնական աղբյուրները որևէ պայթյունի մասին չեն հայտնել։