Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել՝ Տեր Աստված, բոլոր նրանց ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզանից, իրականություն դարձրու: Այսինքն` դա մեծագույն սիրո դրսևորում է՝ նա այնքան խորը նվիրյալ քրիստոնյա է, որ չի մտածում՝ Աստված ինձ այս չարչարանքներից հեռու պահիր կամ փրկիր, ասում է՝ երբ ես կնահատակվեմ, կլինեմ քո հավատարիմ զինվորը, սակայն այն բոլոր քրիստոնյաները, որոնք նեղության մեջ կլինեն, իմ անունը կտան աղոթի ժամանակ, լսիր նրանց: Ահա այս պատճառով Հայ Առաքելական եկեղեցին նրան դարեր շարունակ իբրև սիրո բարեխոս է ընդունել և Սուրբ Սարգսի տոնն էլ կոչվում է սիրո տոն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր Տեր Շնորհքը:
«Այս տոնի նախորդ օրը՝ չամուսնացածները երեկոյան ալյուր են դնում շեմին՝ հավատալով, որ Սուրբ Սարգիսը կգա և իր ոտքի հետքը կթողնի, նաև աղի բլիթ են ուտում ՝ հավատալով, որ Սուրբ Սարգիսը երազին ցույց կտա իրենց ապագա ամուսնուն:
Հայաստանում որպես սիրո մեկ այլ տոն նշում են նաև Սուրբ Վալենտինը, բայց նա հայ եկեղեցու տոնացույցում իբրև սուրբ չկա և որևէ կերպ մեր իրականությանը չի առնչվում: Կարծում եմ՝ ճիշտ չէ տոնելը: Եվրոպական երկրներում շատ ուրիշ տոներ էլ կան, որոնք մեր կենցաղում չեն եղել, հիմա մենք արհեստական կերպով բերում ենք ու փորձում մեր իրականության մեջ մտցնել: Գուցե, այո՛, մտածենք, որ դրա մեջ որևէ վատ բան չկա և թող երկուսն էլ տոնվի, բայց ինձ թվում է, որ տարիների ընթացքում այս օտարամոլությունը մեր ազգային դիմագիծն է փոխում:
Եվ ի վերջո, եթե այդ տոնը մեր եկեղեցու տոնացույցում չկա, մենք ո՞ւմ բարեխոսությունն ենք խնդրում: Նման է նրան, որ դու ունենաս ընտանիքի հայր, որ քո պաշտպանն է, քո ապավենն է, բարեխոսն է Աստծո առաջ և հարևանի հայր, դու քո հորը թողած` դիմում ես նրան, որ քեզ համար ինչ-որ բարի գործ անի՝ սա անտրամաբանական է: Իրականում սխալ է Վալենտին տոնելը, մեր ազգի համար նա սուրբ չէ՝ ամբողջ Երևանում նշվում է, բայց վստահ եմ, որ այդ տոնողների 99 տոկոսը և ավելին չգիտեն` ով է Վալենտինը:
Մենք հավատում ենք, որ Սուրբ Սարգիսն այսօր ներկա է իր անունը կրող բոլոր եկեղեցիներում, որտեղ և այսօր պատարագ է մատուցվում և իր ներկայությամբ գալիս է ու մեր խնդրանքներն իրականություն դարձնում, իսկ ո՞վ է սուրբ Վալենտինը»:
Խոսելով տարբեր կուսակցությունների կողմից տոնի կապակցությամբ աղի բլիթ բաժանելու մասին` Տեր Շնորհքը նկատեց, որ եթե աղի բլիթ բաժանելուց մարդը գալիս է ինչ-որ հագուստով կամ իր կուսակցական դրոշը պարզում, բնականաբար, սա շահարկում է. «Իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար է անում, և դա, անշուշտ, ընդունելի չէ, բայց եթե առանց դրոշ պարզելու կամ առանց որևէ ձևով ցույց տալու, որ ինքը կուսակցական է, դա ընդունելի է և ողջունելի՝ որևէ խնդիր չկա, բայց միայն առանց շեփորահարելու, թե ով ես դու»:
Ավելի մանրամասն պատմելով Սուրբ Սարգսի մասին, Տեր Շնորհքն ասաց. «Սուրբ Սարգիսը հայ եկեղեցու սրբերից մեկն է, ծնվել է 4-րդ դարում և ազգությամբ հայ չի եղել: Նա միայն հայ եկեղեցու կողմից է ընդունված որպես սուրբ, օրինակ` ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները չեն ընդունում Սուրբ Սարգսին: Նա գործել և նահատակվել է Հայաստանում: Հուլիանոս կայսեր ժամանակ Բյուզանդական կայսրության մեջ կարևոր զորավարներից մեկն է եղել, և չնայած արդեն 311 թվականին քրիստոնեությունը ամբողջ աշխարհում համարվում էր ընդունելի կրոն, Հուլիանոս կայսրը, երբ գահ բարձրացավ (կրթություն էր ստացել Աթենքում), մտածում էր, որ հին աստվածները, այսինքն` հունական դիցարանում եղած աստվածները ոչնչով պակաս չեն քրիստոնեությունից, որովհետև նրանց շնորհիվ է տրվել փիլիսոփայություն և այլն: Այս մտածմունքներով նա սկսեց քրիստոնեությունը հալածել, որպեսզի նորից հեթանոսությունը թատերաբեմ բերի: Իրենց շրջանում, բնականաբար, որոշ մարդիկ ընդունեցին քրիստոնեությունը, այսինքն` այդ պալատական խավում որոշները ծպտված էին, որոշները՝ ոչ, բայց Սուրբ Սարգիսը այն միակ զորավարներից էր, որ բացեիբաց հայտնեց իր քրիստոնյա լինելը և ասաց, որ ինքը չի էլ պատրաստվում ուրանալ Քրիտոսին: Նրան սկսեցին հալածել, և նա իր 14 զինվորների հետ տեղափոխվեց Արևելյան շրջան, իսկ դա Հայաստանն էր: Այստեղ որոշակի ժամանակ մնալով՝ հայ թագավորների մոտ ծառայության անցավ, սակայն քանի որ այն ժամանակ Բյուզանդական կայսրությունն էր իշխում, և Հայաստանն էլ որոշակի չափով ենթակա էր այդ կայսրությանը, Հուլիանոս կայսրը դիմեց Հայաստանին, որ Սուրբ Սարգսին ետ վերադարձնեն Բյուզանդիա, քանի որ նա դավաճան է:
Հայ թագավորները, քանի որ ևս քրիստոնյա էին, խնդրեցին, որ Հայաստանից հեռանա Սուրբ Սարգիսը, որպեսզի Հայաստանը իր պատճառով որոշակի ավերածություններ, Բյուզանդական կայսրության հետ խնդիրներ չունենա: Ստիպված Սուրբ Սարգիսը իր զինվորների հետ ծառայության անցավ Պարսից թագավորի մոտ: Երբ Պարսկաստանում դարձավ զորավար՝ մասնակցեց ռազմական գործողությունների և շատ հրաշքներ գործեց»:









































