Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում է Մկրտիչ Ղուկասյանի գործի քննությունը:
73-ամյա Մկրտիչ Ղուկասյանը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվել է նույն համալսարանի՝ 2014-2015 ուստարվա ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:
Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Ղուկասյանը համալսարանի հեռակա ուսուցման դիմորդից տեղեկանալով նրա վճարունակության մասին, ծրագրել է դիմորդի վստահությունը չարաշահելու միջոցով, ընդունելության հարցը լուծելու համար կաշառք ստանալու պատրվակով նրանից ստանալ խոշոր չափի գումար և հափշտակել այն:
Ըստ «մտահղացման»՝ եթե դիմորդն իր ուժերով ընդունվեր համալսարան, Ղուկասյանը պետք է դա ներկայացներ որպես իր միջամտության արդյունք, իսկ հակառակ դեպքում՝ պատճառաբանելով, թե չի ստացվել իր միջամտությունը, պետք է համալսարան չընդունվածին վերադարձներ նրանից վերցրած գումարը:
Ի կատարումն հանցավոր մտահղացման, առաջադրված մեղադրանքի համաձայն, դիմորդին համալսարանի հեռակա ուսուցման «մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ ընդունելու հարցը լուծելու համար կաշառք ստանալու պատրվակով Ղուկասյանը դիմորդից պահանջել ու ստացել է 1700 դոլար:
Գումարը ստանալուց անմիջապես հետո Մկրտիչ Ղուկասյանը բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Մկրտիչ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Դատական առաջիկա նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:








































