Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են Բեռլինում «Նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքներով դուրս բերել ծանր սպառազինությունը սահմանազատման գծից, որը սահմանվել էր դեռևս սեպտեմբերին: Այս մասին, ինչպես հայտնում է Die Zeit-ը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 3.5 ժամ տած հանդիպման արդյունքում ձեռք է բերվել շոշափելի առաջընթաց՝ ասել է նա: Նախարարը հավելել է, որ այժմ պետք է սպասել ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Շտայնմայերը նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված կոնտակտային խմբի անդամների շուտափույթ հանդիպման և մի քանի աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք կզբաղվեն կարևոր հարցերով, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում մարդասիրական օգնության մատակարարման հասանելիության ապահովմամբ:
Նրա խոսքով՝ եթե այն, ինչի մասին իրենք պայմանավորվել են, իսկապես իրականացվի, իրենք ևս մի փոքր կմոտենան Աստանայի գագաթնաժողովին: Մինչ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները, պետք է հասնել տեսանելի առաջընթացի սեպտեմբերի 4-ի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման համար:
Արտգործնախարարների բեռլինյան հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերթական անգամ մեղադրել էր Ռուսաստանին՝ հայտարարելով, որ այժմ Ուկրաինայի արևելյան շրջանների տարածքում կան մինչև 9000 ռուս զինվոր և ավելի քան 500 տանկ, իսկ ուկրաինական հողերի 7 տոկոսը մնում է օկուպացված:







































