Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ով անցած տարի վերընտրվել է նախագահական նոր ժամկետում, հինգշաբթի օրը նշանակված երդման արարողությունից առաջ անցել է օրհնության հնդկացիական ծես: Այս մասին հայտնում է Noticias24 պորտալը:
«Մենք պետք է ամրապնդենք մեր կրթական և մշակութային հեղափոխությունը, առողջապահության, արտադրության հեղափոխությունը, հեղափոխությունն իրավագիտության մեջ, աշխատանքում և մտածողության մեջ: Մենք պետք է ամբողջովին փոխենք ազգային, միջազգային և միջմայրցամաքային մասշտաբը»,- ասել է Մորալեսը:
Նրա կարծիքով՝ լատինաամերիկյան տարածաշրջանը «հույսի, միասնության, ներդաշնակության և ուրախության շեմին է», որոնց նախորդել են «ատելության, ռասիզմի, խտրականության և անհատականության թագավորության 500 տարիներ»:
Նա նշել է, որ օրհնության հնդկական արարողությունն արվում է նաև «սուրբ ինքնության» համար հպարտությունը ցույց տալու նպատակով: Արարողությունը կատարվել է Տիուանակո հնագիտական համալիրում՝ Անդյան մշակույթների համար սուրբ վայրում: Արարողության ժամանակ քահանաները «դիմել են բնությանը»՝ խնդրելով նախագահ Մորալեսին հաստատել որպես «մայրցամաքային առաջնորդ»:
Միջոցառմանը ներկա են եղել Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսը, Տրինիդադ և Տոբագոյի նախագահ Էնտոնի Կարմոնան, Արգենտինայի, Բելառուսի, Պերուի փոխնախագահները, Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղարը:







































