Այսօր առավոտյան Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում բախում է տեղի ունեցել ոստիկանների և ընդդիմադիրների միջև: Անվտանգության ուժերը նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ ընդդիմության մի քանի կողմնակիցներ, որոնք իշխանափոխություն են պահանջում, սկսել են քարեր և դյուրավառ հեղուկով լցված շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք թաքնվել են Կասր-Ալ-Այնի փողոցի՝ պատով առանձնացված հատվածում:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիրներին հաջողվել է քանդել պատի մի քանի աղյուսներ:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հատկանշական է, որ բախումը տեղի է ունեցել հեղափոխության երկրորդ տարելիցի նախօրեին: Որոշ քաղաքական ուժեր այդ օրը զանգվածային ցույցեր են ծրագրել:








































