Վիդեոբլոգեր baracksdubs-ը Youtube-ում տեղադրել է հերթական տեսանյութը, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրահայտ հիթեր է «կատարում»: Այս անգամ բլոգի հեղինակների երևակայության արդյունք է դարձել Օբամայի ելույթների մոնտաժը, որտեղ նախագահը փոխնախագահ Ջո Բայդենի օգնությամբ կատարում է Ջասթին Թիմբերլեյքի Sexyback երգը:
Տեսահոլովակը հրապարակվել է ընդամենը 2 օր առաջ, բայց արդեն հավաքել է մոտ 174 հզ. դիտում: Սակայն նախորդ «հիթերի» համեմատ՝ այս «կատարումը» հաջողված չի կարող համարվել: Օրինակ՝ MC Hammer-ի You can’t touch this երգի Օբամայի կատարումը հավաքել է 4 մլն դիտում:
Միևնույն ժամանակ անցած տարվա սկզբին ձայնագրված I’m sexy and I know it երգը դարձյալ Օբամայի «կատարմամբ» դիտել է գրեթե 20 մլն մարդ:
Բայց դա էլ վերջը չէ: Անցած տարվա կեսերին Քարլ Ռեյ Ջեփսենի Call me maybe «օբամայական տարբերակը» հավաքել է մոտ 35 մլն դիտում:
Այս «երաժշտական ձեռքբերումներով» Օբաման չի սահմանափակվում: Հեղինակների ջանքերի շնորհիվ հնարավոր է լսել նաև Ռիհաննայի, Լեդի Գագայի և ուրիշների երգերը:







































