Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ նախընտրական քարոզարշավում ամենակարևորը մարդու ենթագիտակցության վրա ազդելն է. «Հացադուլն այս իմաստով շատ ավելի է ազդում, քան ցանկացած այլ` երկար-բարակ մտքեր ու արտահայտություններ»:
Ա. Սողոյանի կարծիքով` Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում մարդիկ հազիվ թե սթրեսների ենթարկվեն, որովհետև նրանք արդեն հոգեբանորեն պատրաստ են:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նույնպես անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հայտարարած հացադուլին, նշեց, որ վերջինս լինելով Հայաստանի քաղաքական դաշտում ոչ այնքան հայտնի` հացադուլի միջոցով հայտնի դառնալու հայտ ներկայացրեց: Ըստ ազգագրագետի` թեկնածուի մոտ դա հաջողվեց. «Հենց միայն այն, որ ասում են հացադուլավոր, ընթերցողի ուշադրությունն արդեն իսկ գրավում են»:









































