Toyota ավտոմոբիլաշինական ընկերությունը որոշում է կայացրել ապրիլ ամսից դադարեցնել ԱՄՆ-ում իր բոլոր գործարանների աշխատանքը` չնշելով, թե երբ կվերսկսվեն դրանք: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Այսպիսով, ժամանակավորապես աշխատանքից կզրվեն ավելի քան 25 հազար ամերիկացիներ: Ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչ Մայք Գոսը, խոսքը աշխատանքից ազատելու մասին չէ:
Ընկերությունում այս քայլը պայմանավորել են Ճապոնիայից պահեստամասերի առաքման դադարեցմամբ: Մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից հետո Toyota-ի մի շարք առանցքային ընկերություններ դադարեցրել են իրենց աշխատանքը, և վերագործարկման մասին դեռ խոսք չի գնում: Գոսը նշել է, որ պահեստամասերի միայն 15%-ն է ստացվում Ճապոնիայից, սակայն առանց դրանց արտադրությունը շարունակելն անհնար է:








































