Պակիստանի Ֆինանսական վերահսկողության ազգային բյուրոն ժամանակավորապես դադարեցրել է երկրի վարչապետ Ռաջի Փերվեզ Աշրաֆի նկատմամբ կոռուպցիոն գործի հետաքննությունը։ Այս մասին հաղորդում է IANS գործակալությունը:
Ավելի վաղ հետաքննության շրջանակներում Գերագույն դատարանը որոշել էր ձերբակալել վարչապետին: Հետաքննությունը կանգնեցված է քննիչներից մեկի Քամիրան Ֆայսալի մահվան պատճառով: Ուրբաթ օրը նա կախված է հայտնաբերվել Իսլամաբադի հյուրանոցներից մեկում: Ենթադրաբար մահվան պատճառ դարձել է ինքնասպանությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, Ազգային բյուրոյի ղեկավար Ֆասիխ Բուհարին հայտարարել է, որ Աշրաֆի գործի հետաքննությունը կշարունակվի միայն Ֆայսալի մահվան պատճառները պարզելուց հետո: Բուհարին նաև նշել է, որ հիմա իր կազմակերպության անդամները պետք է սովորեն զենքին վարժ տիրապետել։









































