Վրացի լրագրող Գիգա Լիպարտելիանին, որը մի քանի գրքերի հեղինակ է, քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության մեջ մեղադրում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին նա հայտարարել է ուկրաինական TBI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Իվանիշվիլիի «Ռոսիյսկի կրեդիտ» բանկը 1990-ական թվականներին հարաբերություններ է ունեցել Ուսոյանի և այլ «օրենքով գողերի» հետ, իսկ այսօր նրանց միջև պատերազմ է ընթանում:
«Դեդ Հասանին սպանել են այն ժամանակ, երբ Վրաստանի վարչապետ է դարձել Բիձինա Իվանիշվիլին: 2010 թվականին Ուսոյանին կրակել են, սակայն չեն սպանել: Դա նախազգուշական կրակոց էր, իսկ այս անգամ փամփուշտը հայտնվել է ուղիղ նրա գլխում, և նա սպանվել է: Այդ ամենը կապված է Վրաստանի նոր իշխանությունների հետ: Վրացական նոր իշխանությունը գողական, ռուսական արտադրանք է: Ես գիրք եմ գրել Իվանիշվիլիի պատվիրած սպանությունների մասին: 1990-ականներին նա անձամբ է պատվիրել Օտարի և Ամիրան Կվանտրիշվիլիների սպանությունը: Դրա վերաբերյալ ապացույցներ կան»,- հայտարարել է Լիպարտելիանին:










































