Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հիասթափված է ընտրությունների արդյունքներից, սակայն, հպարտ է, որ իշխանափոխությունը կատարվեց հենց այդ ճանապարհով:
Նախագահի խոսքերով՝ ինքը հպարտանում է իր կուսակցությամբ, քանի որ իրենք շատ բան են արել երկրում այնպիսի համակարգի ստեղծման համար, որի շնորհիվ հնարավոր է ամեն բան փոփոխել ընտրության միջոցով:
«90-ականների սկզբներին, երբ Վրաստանը մասնատված և կիսված էր, իմ ներգրավվումը քաղաքականության մեջ ենթադրում էր Վրաստանի անդամագրում եվրոպական ընտանիքին, որտեղ փոփոխությունները կատարվում են քվերակությամբ: Ես 8 տարի ղեկավարել եմ մի թիմ, որն այդ տարիների ընթացքում իրականացրել է արմատական փոփոխություններ, հասարակությանն ազատագրել է Խորհրդային Միության մնացորդներից: Այն, ինչ կատարվեց Վրաստանում 8 տարվա ընթացքում, մեծ ներդրում էր մեր ժողովրդավարացման գործում: Կարծում եմ՝ դա փոխել է ոչ միայն մեր երկիրը, այլև ողջ տարածաշրջանը»,- հայտարարել է Սաակաշվիլին:










































