«Մենք հրաժարվել ենք քարոզարշավում քննարկել քաղաքական, տնտեսական և սոցիալական ծրագրերը՝ անիմաստ ենք համարում այդ խնդիրները բարձրացնել, քանի որ վստահ ենք, որ ընտրությունները կեղծելու այդքան մեծ հնարավորությունները կանխված չեն իշխանությունների կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ուղղությամբ դեռ ոչ մի ծրագիր չի իրականացրել: Ես հասկանում եմ, որ իրենց թեկնածություններն առաջադրածներից որևէ մեկը որևէ մեխանիզմ չի առաջարկում ընտրակեղծիքներից ձերբազատվելու համար. այս պարագայում քարոզարշավ անելն անիմաստ է: Միակ մարդը, ով առավել աչքի կարող է ընկնել Անդրիաս Ղուկասյանն է, որը հացադուլ է հայտարարել: Ես ինքս այդ մոտեցումը չեմ կիսում այն տեսակետից, որ դա արդյունավետ լինել չի կարող, բայց չեմ բացառում, որ մոտ օրերս անպայման իրեն կայցելեմ և իմ աջակցությունը կհայտնեմ իր կատարած քայլի համար, որովհետև սկզբունքային մոտեցում է, թեև ինքս դա արդյունավետ չեմ համարում», – հավելեց Ա. Մելիքյանը:
Նա նաև նշեց, որ իր նախընտրական ծրագիրը բաղկացած է մարտավարական ու ռազմավարական մասերից. «Մարտավարությունը, ես կարծում եմ, առաջին հերթին ընտրությունների օրինականության ապահովումն է: Ես ընտրել եմ «Մի՛ լռեք» կարգախոսը, որը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք պետք է բարձրաձայնի անօրինականության դեմ»։









































