Կառավարական կապի բրիտանական կենտրոնը (GCHQ) կորցրել է որոշ ամենավտանգավոր քրեական «հեղինակությունների» հետքը և ստիպված է եղել հրաժարվել մյուսներին հետևելուց՝ ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արտահոսքից հետո՝ գրում է The Telegraph-ը: Թերթը նշում է, որ կազմակերպված հանցավորության ներկայացուցիչներին հետևելու և բռնելու հատուկ ծառայությունների հնարավորություններին զգալի վնաս է հասցվել:
Պարբերականը նշում է, որ Սնոուդենի բացահայտումներից հետո GCHQ-ի աշխատակիցները փոխել են կապի մեթոդները և արդյունքում կորցրել են Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների գործունեության ավելի քան քառորդ մասին հետևելու հնարավորությունը: Մասնավորապես, անցած տարի խշոր հանցախմբերից մեկը կարողացել է շարունակել երկիր ներկրել А դասի թմրանյութեր՝ ասվում է հոդվածում:
Այժմ կենտրոնի աշխատանքը բարդացնում են նաև հաղորդակցական ընկերությունները, որոնք հրաժարվում են հատուկ ծառայություններին տրամադրել թմրամաքսանենգների և խարդախների մասին տվյալներ, քանի որ նրանք «կյանքին ուղղակի սպառնալիք» չեն ներկայացնում՝ գրում է թերթը:
«Սնոուդենը շատ է վնասել մեր աշխատանքին: Մենք կոնկրետ ապացույցներ ունենք, որ առանցքային թիրախները փոխել են իրենց «հաղորդակցական վարքը» պարզապես այն պատճառով, որ նրանք կարդացել են (Սնոուդենի բացահայտումները)»,- պարբերականին ասել է բարձրաստիճան աղբյուրը:









































