Սիրիական բանակի կողմից ազատագրված Հալեպի Շեյխ Նաջար արդյունաբերական գոտում մոտ 300 ձեռնարկություններ վերսկսել են աշխատանքը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Սիրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆարես աշ-Շեհաբիին:
«Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի 600 ձեռնարկություններում կվերականգնվի արտադրությունը, այսինքն՝ կաշխատի քաղաքի այս հատվածում գտնվող գործարանների մոտ կեսը»,-ասել է Շեհաբին:
Ինչպես հայտարարել է Հալեպի նահանգապետ Մուհամեդ Մարվան ալ-Ալբին, քաղաքային իշխանություններն ավարտել են Շեյխ Նաջարում ճանապարհների 80 տոկոսի մաքրման աշխատանքները: Նրա կարծիքով՝ դա մյուս սեփականատերերին թույլ կտա սկսել ցեխերի վերակառուցումը:
Հալեպի հյուսիսարևելյան արդյունաբերական գոտին զբաղեցնում է 4.4 հազար հա տարածք: Շեյխ Նաջարում են գտնվում հիմնականում տեքստիլ և դեղագործական գործարանները, ինչպես նաև կենցաղային տեխնիկա և մթերային ապրանքներ արտադրող ձեռնարկությունները:







































