Ծագումով Իրանից ամերիկացի քահանային, որը ներկայում բանտարկված է Իրանում, կախաղան է սպասվում: Հնարավոր մահապատժի պատճառը նրա հավատքն է՝ քրիստոնեությունը:
Քահանայի դատը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Նրա ճակատագիրը որոշող դատավորը հայտնի է մահվան դատավճիռների հաճախակի կայացմամբ:
Հունվարի 24-ին քահանայի դեմ առաջադրվել էր ազգային անվտանգության խափանման մեղադրանք: Fox հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրան հետապնդում են քահանայական գործունեության համար: Նրա ջանքերով Իրանում շուրջ 100 տնային եկեղեցի է բացվել:
2000 թվականին Աբեդինին քրիստոնեություն էր ընդունել և ԱՄՆ տեղափոխվել: 2010 թվականին նա ԱՄՆ քաղաքացիություն էր ստացել՝ ամուսնանալով ԱՄՆ-ի քաղաքացու հետ: Քահանային ձերբակալել են անցած տարվա սեպտեմբերին, երբ նա հայրենիք էր եկել՝ ծնողներին տեսնելու:
Իրանի իշխանություները չեն ճանաչում նրա ամերիկյան քաղաքացիությունը: Մի քանի օր առաջ կնոջն ուղարկված նամակում Աբեդինին հաստատում է, որ իրեն կտտանքների են ենթարկել և վիրավորել` իր համոզմունքների պատճառով:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն լուրջ անհանգստություն է արտահայտել նրա ճակատագրի կապակցությամբ:







































