«Առաջին լրատվական»-ի Realpolitik+ հաղորդաշարի հաղորդումները հիմնականում նվիրված կլինեն նախագահական ընտրություններին
Այսօր Realpolitik+ հաղորդաշարի հյուրն է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, Դուք 2003թ. սկսած մասնակցում եք նախագահական ընտրություններին: Ինչո՞ւ որոշեցիք այս անգամ ևս առաջադրվել։
– Եթե հետ ենք նայում, տեսնում ենք, որ 2003-ի եւ 2008-ի նախագահի թեկնածուների մեծ մասը վարձով են մնում Հանրապետականի պադվալներում կամ տարածքում։ Ես քաղաքականության մեջ եմ 1987-ից և երբեք ճամբար չեմ փոխել ու իմ կուսակցության հետ ինքնուրույն եմ որոշում ընդունում։ Առաջադրվելուս հիմնական պատճառն այն է, որ ես չեմ տեսնում այն թեկնածուին, որի կողքին կարող էի կանգնել և պաշտպանել։
– Վերջին հարցազրույցներից մեկում ձեր համակրանքը հայտնեցիք նախորդ նախագահին։ Ինչո՞վ է այն պայմանավորված, 2003-ին Դուք Քոչարյանի դեմ էիք։
– Ես ընդհանրապես դեմ չեմ, ես հանուն եմ Հայաստանի։ Էն մարդիկ, որոնք Ռոբերտ Քոչարյանի տարիներին եղել են նախարարներ, նույն Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, չեն ասում, օրինակ, որ 2003-2008թթ. տնտեսության վիճակն ավելի լավ է եղել, քան հիմա։ Քոչարյանը բավականին մեծ սխալներ է արել, դա ոչ մեկը չի ժխտում։
– Կասե՞ք մեկը։
– Վատ թիմ ունենալը։ Պասկալն ասում էր՝ հենվեք այն բանի վրա, ինչը դիմադրում է։ Ժամանակին Քոչարյանն էլ միգուցե հենվել է փափուկ բաների վրա, բայց էն, որ դրսում Հայաստանը Քոչարյանն ավելի արժանապատիվ է ներկայացրել, մենք չենք ունեցել հայ-թուրքական ձախողված արձանագրություններ…
– Մենք ունեցել ենք Հոկտեմբերի 27, Ապրիլի 12, Մարտի 1, ունեցել ենք սոսկալի արտաքին քաղաքականություն, կոմպլեմենտարիզմի ձախողված քաղաքականություն։ Հաագայում ունենք Քոչարյանի դեմ հայցադիմում, եւ Դուք փորձում եք մեզ համոզել, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներն ավելի լավն են, քան Սերժ Սարգսյանինը։
– Ես կուզեի, որ ձեր ասած բոլոր բաների համար Սերժ Սարգսյանն էլ ձեզ հետ համաձայն լիներ։ Ես չգիտեմ՝ ինքը համաձայն է ձեր ասածի հետ, թե ոչ, որովհետեւ ինքը մաս ունի այդ ամենին։ Ես Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չեմ, ես իմ կարծիքն եմ ասում՝ Հոկտեմբերի 27-ի համար Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է այնքան, որքան, ասենք, Վազգեն Սարգսյանը։ Մենք կարող ենք ասել, որ Վազգեն Սարգսյանը մեղավոր էր, վատ վարչապետ էր, որ իր նախարարությունները վատ էին աշխատում, և տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարարն էր, իսկ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, այսինքն՝ նույնչափ մեղավոր է Վազգեն Սարգսյանը։ Ի՞նչ շահեց Ռ. Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից։ Քոչարյանը նախագահ էր, մնաց նախագահ։ Մարտի 1-ից շահեց Սերժ Սարգսյանը. ինքը նախագահ դեռ չէր դարձել, դրա շնորհիվ դարձավ նախագահ։
– Ընտրվելու դեպքում ի՞նչ պիտի անեք իրավիճակը արագ փոխելու համար։
– Առաջին հերթին՝ բիզնես միջավայրը… Վիճակագրական տվյալներով, Քոչարյանի ժամանակ իրավիճակը շատ ավելի լավ էր։
– Երբ արհեստականորեն դոլարի կուրսը գցում էին…
– Ո՞վ էր գցում՝ այսօրվա վարչապետը։ Թող Տիգրան Սարգսյանը ունենա քաջություն և ասի, որ իրեն Ռոբերտ Քոչարյանը ստիպել է դոլարի կուրսը պահել, թող ասի, եթե դա այդպես է։
– Եթե վարչապետը այդքան համարձակություն չունի, ես ունեմ, պարոն Հարությունյան։ Ես ասում եմ, որ 2005-2006 թվականներին այս տնտեսության հետ այնպիսի գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում ձևավորվել է այսօրվա օլիգարխիկ համակարգը։
– Քոչարյանը անցած էտապ է, նա եղել է նախագահ, հիմա մենք ուզում ենք գնալ առաջ։
– Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել մենաշնորհների դեմ։
– Մենք առաջարկում ենք այսպես կոչված՝ տնտեսական պառլամենտ, այսինքն՝ քաղաքական և տնտեսական իշխանությունը տարանջատվի։ Այսօր Հայաստանում հիմնականում որոշումներ ընդունում են ամենահարուստ մարդիկ՝ Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան։
– Դուք արդեն երրորդ ընտրությանն եք մասնակցում. ափսոս չէ՞ այդ ընտրագրավ կոչվածը, որ գնում կորչում է, թե՞ այդքան շատ ունեք։
– Թողեք այդ մասին ես մտահոգվեմ կամ չմտահոգվեմ։ Եթե բաժանում ենք հինգ տարվա օրերի վրա, ստացվում է 4445 դրամ, այսինքն՝ լուրջ հարց չէ։ Ինչո՞ւ եք մտածում, որ ես չպիտի ունենամ այդ գումարը։
– Դուք քանի՞ տոկոս կհավաքեք։
– Այնքան, որ հայտնվեմ երկրորդ փուլում։







































