ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են կրկին այցելել տարածաշրջան հունվարի վերջին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
«Հունվարի վերջին նախարարների հետ հանդիպումից հետո մենք, ամենայն հավանականությամբ, կշարունակենք մեր պարբերաբար այցերը տարածաշրջան՝ Փարիզում կայացած հանդիպումից հետո հակամարտության կարգավորման մասին երկխոսության անցկացնելու նպատակով»,-հայտարարել է Ֆորը:
Անդրադառնալով նախատեսվող հանդիպման ձևաչափին՝ համանախագահը հայտնել է, որ, հավանաբար, դա կլինի համանախագահների մասնակցությամբ հանդիպում, սակայն դա պետք է որոշեն երկու երկրների արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախատեսվում է անցկացնել հունվարի 28-ին Փարիզում:









































