Թաքցնելով իր իսկական անունը՝ նկարիչը նախընտրում է Միստր Ֆինչ կեղծանունը: Դա արվում է այն պատճառով, որպեսզի, ինչպես խոստովանել է ինքը՝ նկարիչը, ոչ ոք չկասկածի, որ փափուկ թիթեռների և նուրբ սնկերի հետևում իրականում տղամարդ է թաքնված: Նրան չի հուզում, որ կարը կանացի զբաղմունք է: Նա փորձեր է անում իր աշխատանքների նյութերով և թեմաներով, չափազանց փոքր և հսկայական գործեր է ստեղծում, գրում է kulturologia.ru-ն:
Միստր Ֆինչը (Mister Finch) ապրում է Լիդսում՝ Յոքշիրի դքսությունում, և նրա ստուդիան նույնպես այնտեղ է գտնվում: Կարել փորձելուց առաջ տղամարդը տարբեր զբաղմունքներ է փորձել, սակայն ոչ մի այլ բան նրան լիարժեք չի զբաղեցրել: Բրիտանիայի բնությունը նրան ոգեշնչում է հիանալի, հետաքրքիր իրեր ստեղծել՝ բարակ ոտքերով սնկեր, փափուկ թիթեռներ, երկար բեղիկներով միջատներ, ինչպես նաև մկներ և նապաստակներ:
Միստր Ֆինչի տեքստիլ իրերը հաճախ են ստեղծվում արդեն օգտագործված և պատահական գտնված նյութերից: Ֆինչը հավատում է, որ իրերն իր մոտ պատահական չեն հայտնվում, դրանք իրենց մեջ հոգի են պահում: Հյուրանոցի թավշե հին վարագույները, հարսանեկան ժանյակե զգեստը և հին գոգնոցը գեղեցիկ իրեր են դառնում, որոնք իրենց նոր տերերին են փնտրում:





















































