«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
– Պարոն Նիկոյան, Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցմանը՝ այսպիսի հայտարարություն արեց. «Առանց ռուս ազգի մենք չենք կարող գոյատևել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք, ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի՝ պարսիկը, թուրքը, ռուսը… լա՞վ չի ռուսի իշխանության տակ լինենք»: Ինչպե՞ս եք մեկնաբանում Մ. Սեդրակյանի այս հայտարարությունը, ով ներկայացնում է ՀՀԿ-ն, որը պայքարում էր ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացման համար:
– Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ իր դատողություններն ու կարծիքները: Առավել ևս պատգամավորը կարող է ունենալ իր դատողությունները և դրանք հնչեցնել բարձրաձայն: Հարգանքով եմ վերաբերվում ցանկացած տեսակետ կամ կարծիք ունենալու իրավունքին՝ թեկուզ համաձայն չլինելով այդ տեսակետի հետ: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ անկախության գաղափարին, ապա այն Աստծո կողմից տրված շնորհք է, անկախ ապրելը նշանակում է ապրել աստվածավայել: Մեր կուսակցությունը անկախության ձգտող, անկախություն կերտող կուսակցություն է եղել: Եվրասիական տնտեսական միությանը կամ ցանկացած այլ տնտեսական միության մեջ մտնելը չի նշանակում կորցնել անկախությունը: Դա նշանակում է անկախության որևէ մի չափ հանձնել վերազգային այդ մարմնին: Ինչպես դա լինում է բոլոր տնտեսական միություններում, այդպես էլ կլինի ԵՏՄ-ում: Հայաստանը 1991 թվականից ի վեր անկախ պետություն է, և յուրաքանչյուր քայլ, այդ թվում և՝ ԵՏՄ-ին անդամակցելու քայլը ես դիտարկում եմ մեր անկախությունը ամրապնդելուն ուղղված քայլ:
– Մ. Սեդրակյանը նաև հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղն ազատագրվել է ՌԴ շնորհիվ՝ ասելով. «Բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ՝ ոնց էինք Ղարաբաղ պահում, մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց, եթե ռուսը չլիներ՝ մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու»:
– Հայ զինվորը, հայ ժողովուրդը իր միասնական կամքի և ուժի շնորհիվ կարողացավ ձեռք բերել այն ռազմական և քաղաքական հաջողությունները, ինչին մենք հասել ենք: Դա միայն և միայն մեր զինվորի, մեր ազգի ինտելեկտի, համախմբվածության, ոգու և պայքարի արդյունքում է եղել:
– ՀՀԿ-ն անկախության համար պայքարող անդամներից այսօր այնպիսի վիճակի է հասել, որ ունի կուսակցությունում և Ազգային ժողովում իրեն ներկայացնող Մհեր Սեդրակյան, ով ասում է՝ «լա՞վ չի ռուսի իշխանության տակ լինենք»: Ինչի՞ արդյունք է ձեր կուսակցությունում տարիների արդյունքում տեղի ունեցած այս զարգացումը:
– Ո՛չ, դա որևէ կապ չի կարող ունենալ կուսակցության քաղաքական-գաղափարախոսական ուղեգծի հետ: Մենք բազմանդամ կուսակցություն ենք, որտեղ յուրաքանչյուր անհատ և յուրաքանչյուր պատգամավոր կարող է արտահայտել իր տեսակետը: Կային մարդիկ, ովքեր ԵՏՄ-ին անդամակցելուն կողմնակիցներին անվանում էին դավաճաններ, վարկաբեկում էին նրանց: Այն, որ ինչ-որ քաղաքացի դեմ է այս պայմանագրին, դա նրա իրավունքն է: Եվ այդ իրավունքի մասին բարձրաձայնելն ու այն իրացնելը ես համարում եմ մեր անկախության ձեռքբերումներից մեկը: Բայց եթե որևէ մեկը վիրավորում է հակառակ կարծիքն ունեցողին, արդեն այդ մակարդակում է ստանում իր պատասխանը: Ամեն դեպքում պետք է հարգանքով վերաբերվել այլ կարծիքներ արտահայտելու իրավունքին, երբ մեկը ասում է, թե առանց ռուսի մենք կյանք չունենք, մյուսն էլ ասում է, թե մենք ռուսի հետ կործանված ենք: Որևէ ծայրահեղ տեսակետ հնչեցնելը մարդկանց իրավունքն է, ինչը ես կարող եմ չընդունել: Դա էլ իմ իրավունքն է:
– Բայց հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի դոմինանտությունը կրող ԵՏՄ-ին անդամակցությանը գնում է ձեր կուսակցությունը, որը պայքարել է ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող մեկ այլ միությունից՝ ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախության համար:
– Այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք Գերմանիան կամ Ֆրանսիան են Եվրամիությանն անդամակցելիս իրենց անկախության մի մասը վերապահել են այդ վերազգային մարմնին: Այդպես է ամբողջ աշխարհում, և բացարձակ անկախ երկիր մոլորակի վրա գոյություն չունի: Նույնիսկ ԱՄՆ-ը, որը աշխարհում հզոր պետություն է, շատ հարցերում հաշվի է նստում ԵՄ-ի կամ այլ հզոր երկրների հետ: Բացարձակ անկախություն չի կարող լինել: Յուրաքանչյուր երկիր անկախ է այնքանով, որքանով հզոր է: ԵՏՄ-ին միանալը ես համարում եմ մեր երկրի ամրապնդմանը նպաստող քայլ: Իհարկե, մտահոգություններ կան, բայց յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր պետություն ամեն ժամ պետք է պայքարի իր տնտեսական, քաղաքական անկախության, իր բարգավաճման համար: Մեր այս քայլերն ուղղված են դրան, և մենք արժանապատվորեն ու հաստատակամորեն պետք է դրա համար աշխատենք:
– Նաև կարծիք կա, թե ՌԴ-ն ստեղծելով ԵՏՄ-ն՝ փորձ է անում նախկին ԽՍՀՄ-ը վերականգնել կամ ԽՍՀՄ-ի տարածքում նման ինչ-որ միություն ստեղծել, որտեղ նորից ինքն է լինելու դոմինանտը:
– Իհարկե, ՌԴ-ն դոմինանտ է, և ՌԴ-ն է, որ բարյացակամ վերաբերմունք ունի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցում: Ինքներդ էլ գիտեք, որ ոչ բոլորն են դռները բաց սպասում մեր երկրի անդամագրվելուն: Գործընթացը պետք է շարունակվի, մեր խորհրդարանում վավերացվելուց հետո պայմանագիրը դեռ պետք է մյուս երեք երկրների խորհրդարաններում էլ վավերացվի: Պարզապես ՀՀ-ն պետք է ակտիվ ներգրավվի և փորձի այդ միությունից ստանալ իր տնտեսական, քաղաքական, ռազմական խնդիրների կարգավորում:
– Դուք ասում եք՝ մենք այդ միությանն ենք անդամակցում մեր խնդիրները լուծելու համար, բայց ՌԴ-ն նախկին ԽՍՀՄ-ի աշխարհագրական տարածքում կածես թե ընդդեմ Արևմուտքի է ստեղծում այդ կառույցը:
– Մենք մտել ենք տնտեսական համագործակցության միության մեջ ոչ թե ընդդեմ Արևմուտքի կամ ինչ-որ միության, մենք մտնում ենք մեր պետության համար: Հայաստանի գործելաոճը միշտ պետք է լինի ոչ թե գերհզոր պետությունների և աշխարհաքաղաքական միավորների շահերը հակադրելը, մեր միակ ճանապարհը, որքան էլ դա դժվար լինի, պետք է այդ շահերը համադրելը լինի: Մենք գնալու ենք այդ ճանապարհով:
Լուսանկարը՝ Photolure-ի










































