Ամանորյա տոներից հետո «Ազգ» օրաթերթը դադարել է լույս ընծայվել: «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ հարկային մարմինների հայցով դատարանը կալանք է դրել թերթի հաշիվների վրա՝ կուտակված պարտքերի պատճառով:
Մամուլում տեղեկություն կար, որ «Ազգը» փակվել է, սակայն մեզ հետ զրույցում Ավետիքյանը հերքեց այդ լուրերը: «Սխալ են այդ տեղեկությունները, չգիտեմ՝ որտեղից են: Թերթը լույս չի տեսնում, որովհետեւ հարկային մարմինների հետ որոշ հարցեր ունենք պարզելու: Պարզապես մենք մեր հարկային պարտավորությունները չէինք կարողացել կատարել, որի պատճառով տույժ ու տուգանք էլ էր ավելացել: Հիմա մենք հստակեցնում ենք պարտքի չափը, որը կվճարվի, և թերթը կշարունակի լույս տեսնել: Հավանաբար այս ուրբաթ կամ ամենաուշը երեքշաբթի թերթը լույս կտեսնի: Կարծում եմ՝ կվերանայեն արգելքը»,- մեզ հետ զրույցում ասաց Ավետիքյանը:
Հայտնի է, որ թերթի գլխավոր բաժնետերը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է ու նրա եղբայրը: Ավետիքյանից հետաքրքրվեցինք՝ Աբրահամյանը համաձայնե՞լ է վճարել գումարները: «Ես էլ եմ բաժնետեր: Բաժնետերերը խորհրդի նիստ են արել և որոշել են վճարել»,- ի պատասխան ասաց «Ազգի» խմբագիրը:










































