Բելգիայից 67-ամյա կինը, որը կուրորեն հավատացել է իր GPS-նավիգատորին, Բրյուսելի փոխարեն հայտնվել է տնից գրեթե 2 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Խորվաթիայում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Նա ընկերոջը վերցնելու նպատակով որոշել է մեքենայով գնալ Բելգիայի մայրաքաղաք: Կինը Բրյուսելի կոորդինատները մտցրել է նավիգատորի մեջ, ապա ճանապարհին նկատել, որ հայտնվել է ինչ-որ տարօրինակ մայրուղում:
«Ճանապարհին ես տեսա, թե ինչպես են ֆրանսերենով ճանապարհային նշանները փոխվում գերմաներենի, սակայն ուշադրություն չդարձրի: Ես ինչ-որ ցրված էի ու պարզապես շարունակում էի ճանապարհս»,- ասել է կինը:
Երկրորդ օրը անհանգստացել է նրա որդին՝ ոստիկանությանը հայտնելով մոր անհետացման մասին: Իրավապահները արդեն պատրաստվում էին նրա նկատմամբ հետախուզում հայտարարել, երբ կինը զանգահարել է տուն ու ասել, թե գտնվում է Զագրեբում:
«Ինձ համար անսպասելի հայտնվել եմ Զագրեբում ու միայն այդ ժամանակ հասկացել, որ Բելգիայում չեմ գտնվում: Ի՞նչ կա այդտեղ տարօրինակ: Հնարավոր է՝ ես շատ ցրված էի ու իմ մտքերի մեջ խորացած»,- ասել է Մորոն:









































