Չինաստանի մայրաքաղաքում ուժեղ սմոգի պատճառով հայտարարվել է վտանգավորության բարձր՝ «կապույտ» աստիճան: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Աղտոտվածության մակարդակը սկսել է աճել ուրբաթ երեկոյան: Շաբաթ օրն օդում առողջության համար վտանգավոր PM 2,5-ի մանր պինդ մասնիկների խտությունը 1 խմ-ում գերազանցել է 300 միկրոգրամը, իսկ քաղաքի որոշ շրջաններում օդի մոնիթորինգի կայանները գրանցել են 350 միկրոգրամ խտություն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ օդում PM 2,5-ի մասնիկների օրական անվտանգ նորման չպետք է գերազանցի 1 խմ-ում 25 միկրոգրամը:
Պեկինի իշխանությունները երեխաներին, տարեցներին և շնչառական հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ են տվել խուսափել դրում երկար ժամանակ գտնվելուց: Ձեռնարկությունների համար սահմանվել է կրճատել արդյունաբերական ակտիվությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մայրաքաղաքի իշխանությունները մասամբ փակել են արագընթաց մայրուղիները:
Հեռուստատեսությունը հիշեցնում է, որ Չինաստանում PM 2,5-ի հիմնական աղբյուրներն են ավտոտրանսպորտը և ածխի էլեկտրակայանները: Սմոգում պարունակվող այդ մասնիկները կարող են ներթափանցել մարդու թոքեր և արյունատար համակարգ և մեծ չափաբաժնի դեպքում կարող են հանգեցնել անոթների բորբոքման, զարկերակային անանցանելիության:









































