Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կհաղթահարի զարգացած և չզարգացած երկրների միջև անջրպետը՝ պայքարելու անհավասարության դեմ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Դավութօղլուն այս մասին հայտարարել է Ստամբուլում Անկախ արդյունաբերողների և ձեռնարկատերերի ասոցիացիայի (MUSIAD) ցուցահանդեսի հանդիսավոր երեկոյի ժամանակ գործարարներին ու քաղաքական գործիչներին հասցեագրված ելույթում:
Ցուցադրությունը աշխարհի 123 երկրից հավաքել էր 7000 գործարարների:
Վարչապետը խոսել է նպատակներից, որոնց ուղղությամբ Թուրքիան կսկսի աշխատել, երբ դեկտեմբերին ստանձնի G20-ի նախագահությունը: G20 խումբը ներկայացնում է համաշխարհային տնտեսության 90 տոկոսը:
Դավութօղլուն ասել է, որ գլխավոր համաշխարհային խնդիրներից մեկը եկամուտների անհավասարությունն է: Նա ընդգծել է այն փաստը, որ համաշխարհային բնակչության 1/5-ը զրկված է եղել էլեկտրականությունից այն ժամանակ, երբ Նյու Յորքը և ԱՄՆ-ի մի քանի մեծ քաղաքներ օգտագործել են նույնքան էլեկտրաէներգիա, որքան Սահարայից հարավ ընկած ամբողջ Աֆրիկան:
«Թուրքիան կշարունակի լինել գլոբալ բարեխղճության ձայնը»,- հավելել է նա:









































