Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանները շարունակում են հարգել ԵՏՄ-ին միանալու ՀՀ որոշումը: Այս մասին նրանք ասացին այսօր ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի գործընկերությունը Արևմուտքի հետ» թեմայով թվիթերյան ճեպազրույցի ընթացքում, որին մասնակցեցին ԱՄՆ, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Լիտվայի դեսպանները՝ #ChatWAmb հեշթեգով, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ արեց Արևմուտքը սեպտեմբերի 3-ից հետո հայ հասարակությանը ցույց տալու համար, որ կայացված որոշումը սխալ է, և Հայաստանի ապագան Արևմուտքի հետ է:
ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ Լիտվան հարգում է ինքնիշխան պետության կողմից կայացված որոշումը: «Մենք միշտ ետ ենք նայում՝ փորձելով արտացոլել Լիտվայի 2004թ. որոշումը»,- նշեց նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ևս անդրադարձավ հարցին: Նա վերահաստատեց նախկինում իր հայտնած կարծիքը: «ԵՄ-ն հարգում է ԵՏՄ-ին միանալու ՀՀ որոշումը: Մենք ափսոսում ենք, որ չկարողացանք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ բանակցել էինք ավելի քան 3 տարի»,- ասաց դեսպան Հրիսթեան:









































