Սիրիա-թուրքական սահմանին լարվածության վերացումից հետո Patriot զենիթահրթիռային համակարգերը կվերադարձվեն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն,- հաղորդել է թուքական Anadolu գործակալությունը:
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ այդ համակարգը ուղղված չէ որևէ երկրի դեմ, այլ միտված է Թուրքիայի պաշտպանությանը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Patriot զենիթահրթիռային համակարգի և 400 ամերիկյան զինծառայողների ժամանումը Թուրքիա ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում կավարտվի հունվարի վերջին:
Թուրքիան անցած տարվա նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով իրեն Patriot համակարգ տրամադրել Սիրիայի կողմից հավանական օդային հարձակումից պաշտպանվելու համար:
Սիրիական բանակը պարբերաբար ռմբակոծում է Թուրքիայի հետ սահմանային շրջանները: Հոկտեմբերին սիրիական ավիացիայի հերթական հարվածների հետևանքով զոհվել էր Թուրքիայի վեց քաղաքացի:
Սիրիայում մեկ ու կես տարի է, ինչ շարունակվում են կառավարական ուժերի և զինված ընդդիմության բախումները: ՄԱԿ-ի տվյալներով զոհվածների թիվը անցնում է 60.000-ից, 230.000 մարդ փախստական է դարձել, իսկ գրեթե 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք է զգում:










































