Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց կրթօջախի հիմնանորոգման ավարտը նշանավորել են տոնական համերգով։ Ելույթներ են ունեցել կրթօջախի, միջազգային տարբեր բեմերում ելույթ ունեցած և հաջողությունների հասած սաները:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, մշակույթի գործիչներ և այլ հարգարժան հյուրեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Կ. Սարաջյանի անվան դպրոցին է հանձնվել նոր, ժամանակակից էլեկտրոնային դաշնամուր:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին միջոցառումը նախաձեռնելու և մասնակցության համար՝ նշելով, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ երաժշտական դպրոցներին հատկացված միջոցները 2015 թվականի բյուջեում գերազանցում են ընթացիկ տարվա չափը, կրթօջախները համալրվելու են երաժշտական նոր գործիքներով: Նա նաեւ ընդգծել է, որ ավելանալու են լավագույն սաներին խրախուսելու և աջակցելու ձեռնարկումները։









































