ՀՀ նախորդ համապետական ընտրություններից հետո հայաստանյան ընտրողների թիվն ավելացել է 25 հազարով: «Աճը պայմանավորված է 18 տարին լրանալով, զորացրվելու կապակցությամբ կան հաշվառումներ, քաղաքացիություն ստացող անձինք: Մոտ 60 հազար նոր հաշվառված ընտրող ունենք: Եթե հանում ենք 15 հազար մահացածների թիվը, սեփականատերի դիմումի համաձայն՝ գրանցումից դուրս եկածները և զինծառայության պատճառով հանվողները, ստանում ենք 25 հազար»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքերով՝ այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, ցուցակների վերահսկելիությունը բարձր է` չափից ավելի, ինչի վկայությունը դրանց հրապարակումն է:
Իսկ ինչպես է ստացվել, որ արտագաղթի բարձր ցուցանիշի դեպքում 25 հազարով ավելացել է ընտրողների թիվը: Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ընտրողների ռեգիստրը նվազում է մի դեպքում` եթե քաղաքացին մշտապես գնալով` անձնագրերի և վիզաների վարչություն է դիմում. «Վարչական ռեգիստրը նվազեցնելու միակ ձևը նրան իր դիմումի հիման վրա հաշվառումից հանելն է: Նա կմնա ցուցակում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրազեկել իր նոր հասցեն»:
Այն, որ մեկ տան վրա գրանցվում է հաճախ մի քանի հարյուր հոգի, անձնագրերի և վիզաների վարչության պետն օրենքի խախտում չի համարում: ԱԺ ընտրությունները, նրա խոսքերով, ցույց տվեցին, որ դրսից եկած-քվեարկածներ ևս չկան:
Ընտրացուցակների ուռճացման, հարյուր հազարավոր կեղծ անձնագրերի տպագրման մասին խոսակցություններն էլ համարում է քաղաքական ֆելիետոնիզմի դրսևորում:









































