1951 թվականի հունվարի 9-ին Նյու Յորքում պաշտոնապես բացվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
1949 թվականի հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի ապագա կենտրոնակայանի շենքի հիմնարկեքը: ՄԱԿ-ի կենտրոնակայանը շինությունների համալիր է, որը հանդիսանում է համաշխարհային կազմակերպության հիմնական աշխատանքային մարմինների պաշտոնական գրասենյակը:
Համալիրի կառուցման համար ամբողջ աշխարհից հրավիրվել են ճարտարապետներ, դիզայներներ և ինժեներներ: Այդ խմբում են ընդգրկված եղել Նիկոլայ Բասովը (ԽՍՀՄ), Օսկար Նիմեյեր (Բրազիլիա), Մաքս Աբրամովիչը (ԱՄՆ), ինժեներ-խորհրդատուՎլադիմիր Բոդյանսկին (Ֆրանսիա), Էռնստ Կորմյեն (Կանադա), Ուոլես Հարիսոնը (ԱՄՆ) և այլք:
Խումբը ստեղծել է 50 տարբեր նախագծեր: Վերջնարդյունքում շենքը կառուցվել է ֆրանսիացի մասնագետ Լը Կորբյուզեի կոնցեպտուալ գաղափարի հիման վրա:
Շենքը կառուցվել է Մանհեթենի արևելյան հատվածում՝ 42-րդ և 48-րդ փողոցների միջև: Այն զբաղեցնում է 7 հա տարածք: Ավելի քան 167 մետր բարձրության շենքի կառուցման համար 6 տարի է պահանջվել:
Ընդհանուր առմամբ, 170 պետություններում ՄԱԿ-ի աշխատանքային մարմիններում աշխատում է 61 հազար մարդ:








































