Եգիպտոսում արժութային իրարանցում է սկսվել, որը կապված է բանկային համակարգի անխուսափելի տապալման հետ: Եգիպտացիները sms-հաղորդագրություններ են փոխանակում «անվստահելի բանկերի» ցուցակներով:
Բանկային համակարգի դիմադրողականությունը ցուցադրելու համար Եգիպտոսի կենտրոնական բանկը 60 միլիոն դոլարի արժութային աճուրդ է կազմակերպել: Գրանցվել է եգիպտական ֆունտի ռեկորդային արժեզրկում. մեկ դոլարը՝ 6,185 ֆունտ հարաբերակցությամբ:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Շարիֆ Ալավին հարցազրույցում խոստովանել է «բանկային համակարգի ճգնաժամի առկայության մասին», սակայն լավատեսորեն ավելացրել է, որ «խոսքը դեռևս ողբերգության մասին չէ»:
Ալավին չի ցանկանում կանխատեսել եգիպտական արժույթի ապագան. «Ոչ ոք չի կարող գուշակել ապագան, և բոլոր խոսակցություններն ու սպասումները գիտական հիմք չունեն: Արժույթի հոսքն ապահովված է, գինը այս պահին նշանակություն չունի»:
Եգիպտոսում ֆինանսական իրադրությունը հասել է ծայրահեղ լարվածության: Լիբերալ ընդդիմությունը նշում է, որ «Մուսուլման եղբայրներ»-ը վիճել են ավանդական դոնորների հետ: Առավել ճգնաժամային են ԱՄԷ-ի հետ հարաբերությունները, որտեղ պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով ձերբակալվել են 11 եգիպտական «մուսուլման-եղբայրներ»: El-Watan հրատարակությունը հրապարակել է հոդված այն մասին, որ երկրի իսլամիստական ղեկավարությունը ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր է համարում շիական Իրանին:







































