Google-ի տնօրենների խորհրդի ղեկավար Էրիկ Շմիդտն ու Նյու Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը Փխենյան այցի շրջանակներում այսօր այցելել են Կիմ Իր Սենի անվան հյուսիսկորեական համալսարան` հաղորդել են ԶԼՄ-ները:
Ամերիկացի հյուրերին ծանոթացրել են, թե ինչպես են ուսանողներն օգտվում համացանցից, մասնավորապես` Google-ից ու «Վիկիպեդիա»-ից՝ որոնելով ուսումնական պրոցեսին անհրաժեշտ տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Ռիչարդսոնն ու Շմիդտը Չինաստանից ժամանել են Փխենյան:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ավելի վաղ հայտարարել էր, որ որ նրանց այցը Փխենյան «առանձնապես ոչ ցանկալի է» Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկման հետ կապված, որը միջազգային հանրությունն արգելել էր:
Նուլանդը հայտարարել էր, որ Շմիդտն ու Ռիչարդսոնը «մասնավոր քաղաքացիներ» են, որոնց այցը «ոչ պաշտոնական է»:









































