Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին տեղեկությունից հետո թե՛ Սարգսյանը, թե՛ Ծառուկյանը կատարեցին հետաքրքրական քայլեր: Մեկը կառուցվածքային փոփոխություններ կատարեց կառավարությունում՝ միացնելով երկու նախարարություն և ստեղծելով մեկ նորը, իսկ մյուսը հանձնարարություններ տվեց, այսպես ասած, ժողովրդական շարժման կառույցների ձևավորման մասին, որը ոչ այլ ինչ է, քան ԲՀԿ-ի նոր կառուցվածք:
Հատկանշական ու խորհրդանշական է, որ երկու քայլերն էլ կատարվել են կառուցվածքների ուղղությամբ, ինչը, ըստ էության, խոսում է կողմերի դիրքային պայքարի տրամադրվածության մասին:
Դժվար է ասել, թե այդ պայքարն ինչ ժամանակային կտրվածքի համար է նախատեսվում՝ որևէ արտահերթ զարգացմա՞ն, թե՞ հերթական ընտրությունների հաշվարկով: Միևնույն ժամանակ, արտահերթ ընտրական զարգացումներից զատ՝ կա սահմանադրական փոփոխությունների խնդիրը, և այն կարող է դիրքային պայքարի միջանկյալ փուլ լինել: Այստեղ հատկանշականը մի կարևոր նրբերանգ է. երկու կողմերի գործողությունների, այսպես ասած, ներդաշնակությունը, ինչը հիմք է տալիս խոսելու խաղի կանոնների համաձայնեցման մասին: Չի բացառվում, որ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումն ու արդյունքները հանգել են հենց սրան՝ խաղի կանոնների համաձայնեցում: Ըստ որում՝ հետաքրքրական է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շեմին: Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Մոսկվայում նա ունենալու է մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ: Շատ հավանական է, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանն իր ու Ծառուկյանի անունից որոշակի հաշվետվություն է ներկայացնելու Հայաստանում ներքին իրավիճակի մասին, և այս առումով նրանք ստիպված էին մոսկովյան այցից առաջ ինչ-ինչ համաձայնությունների գալ խաղի կանոնների վերաբերյալ:
Խնդիրը այն է, որ Ռուսաստանի համար ներկայումս Հայաստանում ցնցումային կամ ֆորսմաժորային զարգացումները ամենավերջինն են, որ կարող են անհրաժեշտ լինել: Ռուսաստանի տնտեսությունը ցնցվում է, Մոսկվայի համար ֆորս-մաժոր է հենց իր մոտ, ֆինանսական, տնտեսական շուկայում, ինչը կարող է հանգեցնել փլուզումների: Միևնույն ժամանակ Արևմուտքը կարծես թե ակտիվացնում է ճնշումը Ուկրաինայի մասով, իրավիճակը նորից լարվում է այդ երկրի հարավարևելյան սեպարատ շրջաններում, Կիևը կարծես թե դադարն օգտագործել է ուժերը վերախմբավորելու և նոր գրոհի համար:
Այս իրավիճակում Հայաստանում ֆորս-մաժոր և ցնցումներ, արտակարգ զարգացումներ Մոսկվային պետք չեն, դրանք ավելորդ ռեսուրս և ուշադրություն են պահանջելու, որը չկա: Ավելին՝ ներկայիս վիճակում Մոսկվան կարող է նույնիսկ հանդուրժել Հայաստան-Արևմուտք հարաբերության որոշակի սերտացում՝ Հայաստանում նաև տնտեսական կոլապս թույլ չտալու համար: Քաղաքական առումով, սակայն, Կրեմլին պետք են երաշխիքներ, որ արտակարգ զարգացումներ, ֆորսմաժորային հարցեր չեն լինի: Դրա համար, ըստ երևույթին, համակարգի երկու բևեռներից պահանջվում է հաշվետվություն խաղի կանոնների շուրջ պայմանավորվածությունների վերաբերյալ, այսպես ասած՝ յուրօրինակ ճանապարհային քարտեզ խաղի կանոնների և պայքարի միանգամայն կանխատեսելի շրջանակի մասին:
Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելուց առաջ Ծառուկյանն ու Սարգսյանը, ըստ ամենայնի, հենց սրա շուրջ են եկել պայմանավորվածությունների և կառուցվածքային դասավորությունների վերաբերյալ քայլերով նաև դրսևորել սրա շուրջ իրենց պայմանավորվածությունները, որոնք Մոսկվայում առավել հանգամանալից երևի թե ներկայացնում է Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի








































