Հունվարի 6-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վթարի հետևանքով տուժած մեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Վազ 2107» մակնիշի 22 տս 802 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Վազ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: 1986 թ. ծնված Ծ. Կիրակոսյանը տվյալ պահին վիրահատվում է, 2005 թ. ծնված Գոռ և Գևորգ Սարոյանները տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց (առողջական վիճակը` միջին ծանրության), 1960 թ. ծնված Ա. Մանուկյանի («Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:









































