Վենեսուելայի միացյալ սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Դիոսդադո Կաբելոն շաբաթ օրը վերընտրվել է երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնում՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
«Ակնհայտ է մեծամասնությունը, որոշումն ընդունված է»,- արդյունքները ի մի է բերել հենց Կաբելոն:
Հարավամերիկյան երկրի ազգային ասամբլեայում տեղերի մեծ մասը պատկանում է իշխող կուսակցությանը, ուստի փորձագետները գրեթե կասկած չունեին վերընտրությունների արդյունքների կապակցությամբ:
Կաբելոն արդեն երդում է տվել որպես խորհրդարանի նախագահ: Նրա անձը վերջին ժամանակներս առանձնահատուկ ուշադրություն էր գրավում՝ կապված Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի հետ, ով Կուբայում վիրահատությունից հետո բուժվում է: Ըստ երկրի Սահմանադրության՝ հենց խորհրդարանի նախագահը պետք է ժամանակավորապես կատարի նախագահի պարտականությունները, եթե նախագահը ճանաչվի մշտապես բացակայող և չկարողանա մասնակցել երդմնակալության արարողությանը:
Սակայն Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ Չավեսը չի կարող ճանաչվել մշտապես բացակայող, և նա երդմնակալության արարողությանը կմասնակցի հունվարի 10-ից հետո:







































