Amnesty International միջազգային կազմակերպության իրավապաշտպաններն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների իրագործման մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Իսրայելը, դեռահասների առևանգման համար մեղադրելով Գազայում իշխող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժմանը, հունիսին Արևմտյան ափին, որտեղ հարյուրավոր պաղեստինցիներ են ձերբակալվել, իրականացրել է վերջին տասնամյակի ամենամասշտաբային ռազմական գործողությունը: Զինված պայքարի վերածված հակամարտությունը ավարտվել է օգոստոսի 26-ին՝ Կահիրեում զինադադարի ստորագրմամբ:
«Իսրայելական ուժերի հարձակումների թիրախը եղել են տներ, որտեղ ապրել են խաղաղ պաղեստինցիների ընտանիքներ, ինչը հանգեցրել է հարյուրավոր քաղաքացիական անձանց մահվան: Որոշ դեպքերում գրոհները հասել են ռազմական հանցագործությունների մակարդակի»,- ասվում է կազմակերպության զեկույցում:
Իսկ Amnesty International-ի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ծրագրերի ղեկավար Ֆիլիպ Լյութերի խոսքով՝ «Իսրայելի զինված ուժերը հանդուգն կերպով խախտել են պատերազմի օրենքները՝ մի քանի անգամ գրոհելով խաղաղ բնակիչների տները և սառնասիրտ անտարբերություն դրսևորելով իրականացված զանգվածային սպանությանը»:
Իսրայելի ԱԳՆ-ը հերքել է զեկույցում հրապարակված տվյալները՝ հայտարարելով, որ իրավապաշտպան կազմակերպությունն «անտեսել է ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման փաստագրված ռազմական հանցագործությունները»:
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ Գազայի հատվածում գործողության ժամանակ զինվորականներն առավելագույն զգուշությամբ փորձել են խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհերից՝ նրանց նախօրոք տեղեկացնելով բնակելի տների վրա գրոհների մասին:










































