Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հրաժարականի հայց է ներկայացրել:
«Բռնապետությունը մոտենում է, ժողովրդավարությունը վտանգի մեջ է»,- ասել է Պետրիաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ալեքսի Պետրիաշվիլին «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է: Դեկտեմբերի 8-ին ծրագրված է այդ կուսակցության համագումարը, որտեղ կքննարկվի կուսակցության նախագահի պաշտոնին Իրակլի Ալասանիայի վերադարձի հարցը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի բացառում, որ կարող են լինել նույն թիմի այլ նախարարների պաշտոնաթողություններ:
Պետրիաշվիլիի նման՝ Ալասանիան նույնպես «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է: Կուսակցությունը մտնում է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ:
Այդ կուսակցության կազմում են արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին և արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ով միևնույն ժամանակ Ալասանիայի քենին է:







































