Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը հոկտեմբերին վերընտրվել է երրորդ ժամկետում, կնքել է նախագահական նոր պալատի կառուցման պայմանագիր՝ հաղորդում է BBC-ն:
Մորալեսի խոսքով՝ պալատի նախագծի հիմքում ընկած են հին հնդկական Տիաուանակո քաղաքակրթության ճարտարապետական մոտիվները, որը գոյություն է ունեցել մինչ Կոլումբոսը:
«Պալատը բոլիվիացիներին կհիշեցնի հարուստ մշակութային ժառանգության մասին, որը կորսվել է իսպանական գաղութացման ժամանակ»,- ասել է Մորալեսը:
Ընդ որում, Մորալեսի ներկայիս նստավայրը տեղակայված է իսպանացիների կողմից XVI դարում կառուցված շենքում:
Նախագահական նոր պալատը կունենա 29 հարկ: Նախագծի համաձայն՝ շինությունը կունենա ուղղաթիռային հրապարակ, հնդկական ավանդական ծեսերի և արարողությունների համար նախատեսված հատուկ վայր, ինչպես նաև հազար հոգու համար նախատեսված դահլիճ:
Շինարարությունը մոտավորապես կարժենա 36 միլիոն դոլար:








































