Ամերիկյան Դեթրոյթում Windmill Pointe Brewery բարը հաճախորդներին կառաջարկի գարեջուր «եփել» հեծանվային մարզասարքերի օգնությամբ, գրում է The Wall Street Journal-ը:
«Հեծանվորդները կարող են մոռանալ ժամում մղոնների մասին: Գրոուզ եղբայրները 2 անիվների վրա առաջընթացին հետևելու լավագույն միջոց ունեն՝ գարեջուր ժամում»,- ասվում է հոդվածում:
Շոն և Աարոն Գրոուզները Windmill Pointe Brewery-ն կբացեն 2015 թ.: Նրանք ծրագրում են տարածքում մինի-գարեջրագործ հեծանվային մարզասարքեր դնել, որոնց աշխատանքը հնարավորություն կտա գարեջրի արտադրության համար անհրաժեշտ էլեկտրականություն ստանալ: Այդպիսով այցելուները կկարողանան քաշ գցել ու էներգիա խնայել, հետո շարունակել խմել գարեջուրը, որի պատրաստմանն իրենք մասնակցել են, նշում է թերթը:







































