Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ` ԵՄ-ի հանձնաժողովի վիճակագրական տվյալների համաձայն` Թուրքիայի քաղաքացիներն ամենաշատն են դիմում շենգենյան վիզա ստանալու համար: 2011 թվականին այդ հարցով դիմել է 624.000 մարդ: Թեև դեռ չկան այս տարվա վերջնական վիճակագրական տվյալները, այնուամենայնիվ` նշվում է, որ շենգենյան վիզա ստանալու հարցով դիմած Թուրքիայի քաղաքացիների թվաքանակը հասել է մինչև 700.000-ի:
Միևնույն ժամանակ 2011 թվականին Թուրքիայից շենգենյան վիզա ստանալու հարցով դիմածների միայն 5 տոկոսն է մերժում ստացել: Շենգենյան գոտու բազմաթիվ երկրներ վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հատկացման համար պահանջում են վճարել 80 դոլար և ևս 26 դոլար` դրանց ձևակերպման ընթացակարգի համար:
Սակայն վիզայի չհատկացման դեպքում վճարված գումարները չեն վերադարձվում: Այդ կերպ շենգենյան գոտու երկրները վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիների հաշվին միջինը տարեկան 66.330.000 դոլար են վաստակում:
ԵՄ-ի հանձնաժողովը նաև հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները ամենահաճախն են դիմում եվրոպական վիզաների ստացման հարցով: Թուրքիան այդ երկրների թվում զբաղեցրել է 4-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է. 2011 թվականին այդ երկրի ավելի քան 5 միլիոն քաղաքացիներ համապատասխան հարցով դիմել են եվրոպական հյուպատոսարաններ: Նրանցից 1.5 տոկոսը մերժում է ստացել:
Երկրորդ տեղում Ուկրաինան է` 1.143.000 մարդ, որից մերժում է ստացել 3 տոկոսը: Երրորդ տեղում Չինաստանն է, համապատասխանաբար` 1.080.000 մարդ և 4.5 տոկոս: Թուրքիայի քաղաքացիների համար վիզա ստանալու հարցում ամենաբարդ երկիրը Նորվեգիան է, իսկ ամենահեշտը, որքան էլ տարօրինակ է, Հունաստանը:









































