Նախագահի ընտրության ներկայիս գործընթացում, հիմնական թեկնածուներից բացի, դուրս է մնում կարծես մի կարևոր, գուցե թեկնածուներից ավելի կարևոր բան՝ Մարտի 1-ի խնդիրը: Այստեղ իրավիճակն, իհարկե, բավական նուրբ ու հարաբերական է, քանի որ մի կողմից` կա խնդիրը մոռացության մատնելու վախ, մյուս կողմից` կա քաղաքական շահարկումների ենթարկելու վախ, երբ բուն խնդիրը կարող է դուրս մնալ ուշադրությունից, և ամեն ինչ կարող է քաղաքականացվել աղճատման աստիճանի: Բայց այդ դեպքում, իհարկե, Մարտի 1-ի մասին պետք չէ խոսել երբեք, քանի որ քաղաքականացվելու ռիսկը մշտապես պահպանվում է:
Սակայն հարկ է նկատել նաև, որ քաղաքական օրակարգում լինելը չի նշանակում քաղաքականացնել: Այսինքն` եթե հարցը քաղաքական գործընթացների առաջնային թեմաներից է և հանդիսանում է ելույթների, դիտարկումների, վերլուծությունների ու մեկնաբանությունների նյութ, դա ամենևին չի նշանակում խնդիրը քաղաքականացնել: Եվ այս ամենով հանդերձ` քաղաքականացնելը, ըստ էության, նույնիսկ անհրաժեշտ է, որովհետև ակնհայտ է, որ Մարտի 1-ը ոչ միայն կոնկրետ հանցագործություն է, այլ նաև համակարգային արատի հետևանք, իսկ դա նշանակում է, որ հարցն անխուսափելիորեն պետք է դիտարկվի նաև այդ կոնտեքստում:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտի 1-ի թեման ընդհանրապես չշոշափվեց, որևէ մեկը չխոսեց բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության և այլնի մասին: 2011 թվականի ամառային հանրահավաքների ժամանակ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ ձեռնամուխ է լինում Մարտի 1-ի խնդրի լիարժեք բացահայտման նոր ջանքերի, և այդ առումով կոչ արեց մամուլին օգնել: Սակայն թե ինչ հավելյալ ջանքեր գործադրեց ՀԱԿ-ը, որին պետք էր աջակցել կամ օգնել, այդպես էլ պարզ չեղավ:
Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պետք է նոր թափ հաղորդել խնդրի քննությանը: Բայց դա էլ, ՀԱԿ-ի հետ երկխոսության ալիքի վրա վեր բարձրանալով, մարեց նույնիսկ երկխոսությունից առաջ, և իշխանությունը ոչ միայն Մարտի 1-ով նոր բան չարեց, այլ նաև ՀԱԿ-ի երիտասարդներին ձերբակալեց: Իսկ հետո լռություն: Լռություն, որը խախտվեց ընդամենը մի քանի շաբաթ առաջ` ՀԱԿ-ի նախաձեռնությամբ. ստեղծել Մարտի 1-ի հարցերի ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով, որը, սակայն, դարձավ ՀԱԿ-ՀՀԿ պայմանավորվածության առարկա և հետաձգվեց մեկ տարով, ինչը, կասկած չկա, արժանանալու է նույն ճակատագրին, ինչին որ արժանացավ Սերժ Սարգսյանի հորդորը` նոր թափ հաղորդել Մարտի 1-ի քննությանը:
Այս ամենը վկայում է, որ, ըստ էության, Մարտի 1-ի հարցը վատ իմաստով արդեն վաղուց քաղաքականացված է և գտնվում է քաղաքական պայմանավորվածությունների, գործարքների և առևտրի «զոհասեղանին»: Այսինքն` մեծ հաշվով այն վտանգը, որ կա նուրբ իրավիճակում՝ մոռացության և քաղաքականացման միջև, արդեն իսկ իրականում տեղի է ունեցել, և Մարտի 1-ը վաղուց է քաղաքականացվել՝ դառնալով քաղաքական կոմերցիայի մաս: Դա է հարցը դուրս թողել հասարակական-քաղաքական ակտիվ օրակարգից, ոչ թե շահարկումներից կամ ծայրահեղություններից այն զերծ պահելու մտայնությունը:









































