Մեծ Բրիտանիայի անվտանգությանը ոչինչ չի սպառնա, եթե երկրի վրա հարձակվեն զոմբիները: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը նման պատասխան տվել է հարցման հեղինակին, որը իշխանություններից հարցրել էր հարձակման արդյունքում մահացածների և Անգլիայի նախկին հզորությունը վերականգնելու մասին:
Բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված են եղել պատասխանել նման տարօրինակ հարցի Freedom of Information (FOI) ծրագրի շնորհիվ, որը երաշխավորում է ստանալ ցանկացած բնույթի տեղեկատվություն: Չնայած հարցման հեղինակն, ամենայն հավանականությամբ, ցանկացել է կատակել, սակայն պաշտպանության նախարարությունում ուղերձին վերաբերվել են ամենայն լրջությամբ:
«Ապոկալիպտիկ պատահարների դեպքում (օրինակ` զոմբիների հարձակումը) Անգլիայի նախկին հզորության վերականգնման ծրագրերը կվերահսկվեն կառավարության կողմից»,- մեջբերում է պարբերականը նախարարության պատասխանը:
Բարձրաստիճան պաշտոնյաները հետաքրքրասեր հեղինակին պատասխանել են, որ նման պատահարների դեպքում պաշտպանության նախարարությունը կդիմի քաղաքացիական իշխանությունների օգնությանը, այլ ոչ թե առաջնորդի գործառույթներին:
«Հետևաբար` նախարարությունը տեղեկատվություն չունի այս հարցի վերաբերյալ»,- պատասխանել են պաշտոնյաները:








































