ԱՄՆ պետպարտքը, որը ներկայումս կազմում է 16.394 տրիլիոն դոլար, իր «առաստաղին» կհասնի դեկտեմբերի 31-ին: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսին ուղարկված նամակում նախազգուշացրել է ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները:
Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարությունն այս շաբաթ սկսում է արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ թույլ չտալու իրավիճակ, որի դեպքում կառավարությունը պարզապես միջոցներ չի ունենա իր ֆինանսական պարտավորությունների կատարման համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այդ միջոցառումները կոչված են օգնելու գործադիր ճյուղին առկա միջոցներից 200 մլրդ դոլար ներգրավել՝ այդպիսով օրենսդիր ճյուղին տալով շուրջ 2 ամիս պետպարտքի վերին թույլատրելի շեմի հերթական բարձրացման համար,- նշել է Գայթները:
Անցած տարի այդ մասին իշխող Դեմոկրատական կուսակցության և ընդդիմադիր հանրապետական կուսակցության բարդ բանակցությունները երկիրը դեֆոլտի եզրին էին կանգնեցրել: Այդ ժամանակ հաջողվեց խնդիրը լուծել վերջին պահին:







































