Գալիք նախագահական ընտրությունների մասնակցության ձևաչափի վերաբերյալ ՀՅԴ որոշման հրապարակումից հետո արդեն կարելի է հստակեցնել, որ ՀՀ ներքաղաքական կյանքում որոշակի դերակատարություն ունեցող քաղաքական կուսակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հանրապետություն», որևէ ձևաչափով նախագահական ընտրություններին մասնակցություն չեն ունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը ստեղծված իրավիճակը պայմանավորեց մի քանի հանգամանքներով: Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունների նման որոշումների պատճառները երեքն են:
«Այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում ընտրություններին, ցանկանում են ցույց տալ ընտրությունների անարդարությունը, իրենք չեն ցանկանում կարևորություն տալ ընտրություններին՝ համոզված լինելով, որ դրանք անարդար են անցկացվում: Երկրորդ պատճառը նախկինում նրանց ունեցած փորձն է՝ գիտեն, որ պետք է պարտվեն, և չեն ցանկանում, որ դա կրկնվի: Երրորդ պատճառը՝ եթե ընդդիմությունը մեկ միասնական թեկնածու չունենա ընտրություններում, անիմաստ է մասնակցել այդ ընտրություններին մի քանի թեկնածուներով, որովհետև այդ կերպ միայն կօգնեն իշխանությանը»,- պարզաբանեց ֆրանսահայ քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ ընտրություններին չմասնակցելու դեպքում քաղաքական ուժերը կկարողանան պահել և փրկել այն, ինչ ունեն, ինչ ձեռք են բերել քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում: Կայծ Մինասյանը կարծում է, որ կոնսուլտացիաները շարունակելը կդառնա հիմք` հետագա բանակցությունները շարունակելու:
Իրականում, սակայն, Կայծ Մինասյանը համարում է, որ ՀՀ քաղաքական հին սերունդը՝ Վահան Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Բագրատյան, վերջացած է: Նրա խոսքով՝ անցած է ժամանակը նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ով, քաղաքագետի դիտարկումներով, չի բացառվում, որ մեծ տոկոս հավաքի գալիք նախագահական ընտրություններին:
Եզրափակելով իր խոսքը՝ Կայծ Մինասյանն ասաց, որ այս ընտրությունները պետք է համակարգը փոխելու հանգրվան դառնան, և հին սերնդի ղեկավարները պետք է հեռանան մեծ քաղաքականությունից:








































