Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Մարգար Ա.-ի գործի դատական քննությունը:
54-ամյա Մարգարը 2014 թվականի մայիսի 9-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում իր մեքենայով անցել է գյուղամիջյան ճանապարհով ու նկատել է, որ իր համագյուղացի բարեկամի երկու երեխաները՝ 9-ամյա աղջիկն ու 6-ամյա տղան ինչ-որ տեղ են գնում:
Մարգարը մեքենան կանգնեցրել է, իմացել, որ երեխաները 100 մետրի վրա գտնվող խանութ են գնում, առաջարկել է նրանց մեքենայով տանել:
Երեխաները նստել են մեքենա՝ հետևի նստատեղին: Մարգարի պահանջով երեխաները տեղափոխվել են առջևի նստատեղ: Աղջնակը նստել է փոխանցման տուփի կողքին՝ վարորդին ավելի մոտ:
Մարգարը մեքենան վարել ու անցել է խանութից: Նա խոսել է երեխաների հետ:
Ըստ մեղադրանքի՝ Մարգարը , լինելով հարբած վիճակում, ընթացքի ժամանակ անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ՝ ձեռքով շոյել է երեխայի ոտքերը և սեռական օրգանը:
Երեխան գոռգոռացել է:
Մարգարը վախեցել է, հետ է ընթացել ու երեխաներին տարել է խանութի մոտ: Պահանջել է, որ չիջնեն, ինքը մտել է խանութ:
Երեխաներն իջել են, մտել խանութ, տեսել են Մարգարին, դուրս են եկել ու վազելով հեռացել են: Ճանապարհին հանդիպել են իրենց տատիկին ու պատմել են կատարվածը: Տատիկը հաղորդում է տվել ոստիկանությունում:
Մարգար Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քերական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Մարգարի խափանման միջոցը կալանավորումն է:
Դատարանում ամբաստանյալ Մարգարն ասել է, թե այդ օրն ինքը գնում էր ինքնահողի արարողության, խանութի մոտ պիտի ընկերոջը սպասեր: Քարակույտերի մոտ հանդիպել է երեխաներին, տարել է խանութի մոտ: Իր կարծիքով՝ հնարավոր չի մի ձեռքով մեքենա վարել, մյուսով շոշափել: Այնտեղ շատ մեքենաներ են եղել, ինքն էլ ծխել է: Ինքն այդ ընտանիքի համար վառարան է սարքել, իսկ նրանք ուզում են իրեն վատություն անել: Ինքը երեխաների նկատմամբ ոչինչ չի արել: Չի կարող ասել՝ հանուն ինչի է զոհ դարձել:
Անչափահաս աղջկա ցուցմունքով՝ տատիկն իրենց ուղարկել է խանութ՝ աղ գնելու: Դրա համար տվել է 150 դրամ ու 1 ձու: Իրենց տան մոտի խանութը փակ է եղել, գնացել են վերևի խանութ: Ճանապարհին հանդիպել են Մարգարին…
Մեքենայի մեջ Մարգարը խոսել է, նրա բերանից օղու հոտ է եկել: Նա իրեն շոյել է, հեռախոսի համարն է ուզել: Ինքը չի դիմացել ու գոռացել է: Դրանից հետո Մարգարն իրենց հետ է բերել խանութի մոտ… Մարգարն իրենց բարեկամն է… Երբ նա շոյել է իր ոտքը, ինքն ուզեցել է գոռալ, բայց եղբայրն ասել է՝ Մարգարը խմած է, մեզ կծեծի, կսպանի:
Բայց ինքը գոռացել է, նա ձեռքը վերցրել է իր ոտքի վրայից ու իրենց տարել է խանութի մոտ: Մարգարը բացի իր ոտքից շոյել է նաև «արգելված տեղը»: Երբ նա իր հեռախոսի համարն է ուզել, ինքը հասկացել է, որ նա խմած է: Իրենք մտել են խանութ, ինքը փողն ու ձուն տվել է, բայց լաց է եղել, չի կարողացել կարգին ասել, որ աղ է ուզում: Փողը թողել ու դուրս են վազել:
Անչափահաս տղան ասել է, որ երբ քույրը գոռացել է, ինքը հասկացել է, որ վախենալու բան կա: Գոռալուց հետո Մարգարն իրենց բերել է խանութի մոտ: Մեքենայի մեջ ինքը քրոջն ասել է, որ չգոռա, վախեցել է, որ Մարգարը կսպանի իրենց: Իրենք Մարգարի արածից վախեցել են, որովհետև նա խմած է եղել, խանութ տանելու փոխարեն իրենց տարել է հեռու և «ձեռ է գցել» քույրիկին:
Մարգարը երկու երեխաների հայր է, ինքն էլ դուստր ունի՝ արդեն չափահաս:
Ընդհանուր իրավասության դատարանը Մարգար Ա.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մայիսի 15-ից:
Մարգար Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 210 հազար 222 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:









































