Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ազատամարտիկները ունեին պատկառելի ներկայացվածություն: Ներկա էին և՛ ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի ու Ռուստամ Գասպարյանի թևերից ազատամարտիկներ, և՛ ՀԱԿ-ին հարող, և՛ առհասարակ վերջին շրջանում դաշտում ակտիվ ազատամարտիկներ: Նրանց խոսքը հարթակից հանրությանն ուղղեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը՝ հայտարարելով, որ իրենք բոլորը միանում են համաժողովրդական շարժմանը։
«Մենք՝ ազատամարտիկներս, ավելի քան 6000 հոգի, համալրել ենք ձեր շարքերը ձեզ հետ միասին շտկելու, ուղղելու մեր ազգի ողնաշարը: Մենք կարողացանք ծնկի բերել արյունարբու թշնամուն, սակայն մեր բացթողումների հետևանքով մի քանի թափթփուկի թողեցիքն մեր երկրի ղեկին, բայց սրանց րոպե առաջ պետք է հեռացնենք: Մենք՝ ազատամարտիկներս, հայտարարում ենք, որ միանում ենք այս շարժմանը: Մենք, սպարապետի գլխավորությամբ, ուխտել ենք մեր պետականությունը հասցնել իր հզոր վիճակին և հավատարիմ ենք մնալու մեր խոստմանը»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Հանրահավաքից հետո, որը բավական մեկնաբանությունների և տարակարծությունների տեղիք տվեց, լայն քննարկման առարկա դարձավ Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ բացառապես քառյակն է որոշելու շարժման օրակարգը, արագությունը և մնացած գործողությունները՝ դրանով երկրորդական-երրորդական դարձնելով ժողովրդի դերակատարությունը։ Փորձեցինք նույն ազատամարտիկներից հասկանալ, թե ինչ են պատրաստվում անել այս պարագայում, երբ իրենց առաջարկած օգնության կարիքը շարժման նախաձեռնող կուսակցությունները չունեն դեռևս:
«Անկեղծ ասած՝ ես միայն մի բանի համար եմ ուրախ, որ զգացի, որ ժողովրդի մեջ միասնություն կա, իսկ դրա քաղաքական արդյունքները կերևան, երբ մենք կտեսնենք այս պայքարի արդյունքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը, որը ևս հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում էր: Նրա խոսքով՝ առանձնապես խնդիրներ չկան, մարդիկ, ովքեր նախաձեռնել են շարժումը, շահագրգռված անձինք են, ովքեր միասնություն են ցանկանում, պայքարում են երկրում տիրող վտանգները վերացնելու համար: «Դուրս են եկել նոր ծաղիկներ, ձնծաղիկներ, մանուշակներ, ինչը շատ լավ է: Թող գան, կանգնեն հրապարակում, ասեն՝ ես ձեզ հետ չեմ, չեմ կիսում ձեր գաղափարները, բայց կանգնեն ժողովրդի կողքին: Այսօր պահանջարկ կա փողոց դուրս գալու: Այնպես չէ, որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քնեցին-քնեցին և հանկարծ դուրս եկան ու մարդկանց փողոց հրավիրեցին»:
Սաղաթելյանի խոսքով՝ նորմալ է, որ շարժման մեջ տարակարծություն կա, հնարավոր չի, որ բոլորն էլ նույն կարծիքին լինեն, բայց, մեր զրուցակցի խոսքով, պետք չէ քննադատել և դրանով ստվերել շարժումը: «Թող տարակարծություն լինի, դա նորմալ է, բայց պետք է սպասել, չդատափետել, այլ սպասել, տեսնել, որ ուժը հաղթանակ է գրանցելու, և ուրախանալ նրանց հետ»:
«Այսինքն՝ Դուք կարծում եք, որ ԲՀԿ-Տեր-Պետրոսյան դաշինքը հաղթանա՞կ է գրանցելու առաջիկայում»,- հարցրինք: «Ես կարծում եմ, որ մեր երկրի քաղաքացիները շատ ուշիմ կերպով հետևում են մեր երկրում տեղի ունեցող քաղաքական հարցերին: Նույն ժողովուրդն է ճնշելու այս իշխանություններին, որ խելքի գան: Մենք ժամանակ չունենք մուկն ու կատու խաղալու, որ մինչև Մաքսային միության պայմանագիրը մտնի ուժի մեջ ու նոր խնդիրներ առաջանան: Այնպես որ, ժողովուրդը գիտի իր անելիքը»:
Անդրադառնալով այն հարցին, որ հանրահավաքին, որևէ դատապարտող խոսք չհնչեց Մաքսային միության պահով՝ Սաղաթելյանը նկատեց. «Չհնչեց, որովհետև Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է և հասկանում է, որ դա անդառնալի սխալ է և հանրավոր չէ ուղղել, հետևաբար պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել, ասել, թե թույլ չեն տալու և այլն»:
Մուշեղ Սաղաթելյանը զարմանում է, թե ինչո՞ւ են բոլորը կասկածի տակ դնում Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքը: «Գագիկ Ծառուկյանը գոնե հայ մարդու նման բարձրացել է բեմ ու ասում է, որ խնդիրներ կան: Հենց մարդը եկավ կանգնեց, սկսեցին չորս կողմից քարկոծել: Թող մարդն ավարտի պրծնի՝ նոր քարկոծեք կամ բռնեք հերն անիծեք, ասեք՝ ինչո՞ւ էիր խաբում, բայց սպասեք տեսնենք՝ ինչ է լինում, նոր: …Ինձ առհասարակ չի հետաքրքրում՝ դեպուտատ է, ինտիլիգենտ է, դեմոկրատ է, ինչ զարուզխկում է, ինձ պահն է հետաքրքիր, որ մեր ժողովուրդը համախմբված պայքարում է իր ապրելակերպը շտկելու համար»,- եզրափակեց Սաղաթելյանը:









































