YouTube-ի ուղիղ եթերում 36 ժամում մարդիկ ամբողջ աշխարհից 3 մլն անգամ միացել են միջազգային առցանց մարաթոնին՝ «Կարենինա. կենդանի հրատարակություն»: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Մոսկվայում Տոլստոյի անվան պետական թանգարանի զարգացման գծով տնօրենի տեղակալ Ֆյոկլա Տոլստոյին:
Մարաթոնի ժամանակ արվեստի ռուս գործիչները, մարզիկներն ու քաղաքական գործիչները հատվածներ էին կարդում Լև Տոլստոյի վեպից:
Վեպը կարդալու համար հրավիրվել էին հազարավոր մարդիկ, սակայն 725-ին էր վստահվել այն ընթերցելու պատիվը: Նրանց թվում էին ռեժիսորներ Սերգեյ Սոլովյովն ու Տիգրան Քեոսայանը, Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, դերասաններ Վենիամին Սմեխովն ու Սերգեյ Գարմաշը, կարդիովիրաբույժ Լեո Բոկերիան:
Մարաթոնն սկսվել է հոկտեմբերի 3-ին: Նշվում է, որ պատմության մեջ առաջին անգամ ավելի քան 700 մարդ տարբեր երկրներից անընդմեջ կարդացել են ստեղծագործությունը ամբողջ աշխարհի ունկնդիրների համար:










































