Facebook սոցցանցի ստորաբաժանումն Իռլանդիայում անցած տարի օֆշորային գոտի է դուրս բերել 440 մլն ֆունտ ստեռլինգ: Ինչպես հաղորդում է Business Insider-ը, այդպիսով՝ Facebook-ը կարող է նվազեցնել հարկային ծանրաբեռնվածությունը: Facebook Ireland-ին է բաժին ընկնում սոցցանցի ընդհանուր եկամտի շուրջ 40 տոկոսը:
Ինչպես նշում է պարբերականը, Facebook-ը կիրառել է, այսպես կոչված, «երկակի իռլանդական» սխեման. Facebook Ireland-ը միջոցները տեղափոխել է իռլանդական «քույր» ընկերություն, իսկ վերջինս էլ դրանք փոխանցել է Կայմանյան կղզիների իր կառույց:
2011-ին Facebook Ireland-ը 3.23 մլն եվրո եկամտահարկ է վճարել` այն դեպքում, երբ նրա եկամուտը աճել է քառակի՝ 229 միլիոնից հասնելով 1 միլիարդի:
Իր հերթին Facebook-ում հայտնել են, որ ընկերությունը հետևում է կորպորատիվ օրենսդրությանը, այդ թվում` այն կանոններին, որոնք վերաբերում են հարկերի վճարմանն ու ֆինանսական հաշվետվությունների տրամադրմանը:
Հոկտեմբերի սկզբներին բրիտանական բիզնես ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Facebook-ը Մեծ Բրիտանիայում խուսափում է հարկերի վճարումից: The Independent-ը նշել էր, որ հարկային ծանրաբեռնվածության նվազեցման համար սոցցանցը կիրառել է գործարքների զգալի մասը Իռլանդիայում գրանցելու տարածված սխեման:







































